Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, January 21, 2017

Հարյուր հոգի/ Հովիկ Կեուչկերյան

Սանդուղքի վրա, որ տանում է երկինք, կա մի շրջադարձ դեպի դժոխք,
հետո ևս մեկը, ու էլի մեկը:
Սանդուղքին, որ իջնում է դեպի դժոխք, կա մի շրջադարձ դեպի երկինք,
հետո ևս մեկը, ու էլի մեկը:
Արանքներում կա մի հարթակ՝ սալարկված հարյուր հոգիներով.
Հարյուր:



Սալիկի տեղ կա մի կաղ երեխա, որ հավասարակշռությունն է պահում փքաբլիթի վրա:
Անգլերեն ենթագրեր:
Կա տարօրինակ ձայներ արձակող մի խուլուհամր,
մի փռշտացող կույր,
մի գաճաճ, որ վալս է պարում ցեխոտ փափուկ խաղալիքի հետ,
մի օրացույց, որ օրեր է քրտնում, որպեսզի հասնի տարվա վերջին:
Զարթնում եմ:
Զարթնում եմ ու ապշում, որ ես եմ խուլուհամրը,
կույրը,
գաճաճը,
վալսը,
փափուկ խաղալիքը,
ցեխը,
փքաբլիթը,
օրացույցը,
քրտինքը,
տարվա վերջը,
աստիճանները,
երկինքը,
դժոխքը,
սանդղահարթակը,
սալիկները
Ամեն ինչ:
Ամեն ինչ, բացի հարյուր հոգիներից, որ ապրում են ներսում:
Հանկարծ
երկնքի ու դժոխքի աստիճանները դառնում են ջուր,
թե դառնում են կրակ:
Թվում է՝ կարկուտ
Հանկարծ, բոց,
հեղեղ,   հրդեհ,
նորից ջուր,
դառնում են սառույց հանդարտ, հանդարտ:
Սառում եմ:
Ինձ արտաքսում եմ իմ մարմնից,
հեռանում եմ, զգում եմ` ինչպես եմ գնում:
Թռչում եմ` վերադառնալով իմ հակառակ կողմին:
Խելքս գլխիս է, գլխիս չէ 
Վզիս պարանը ոճրագործի իմ առողջ դատողությունն է:
Քնում եմ ու զարթնում եմ:
Զարթնանում եմ ու քնում եմ:
Միզում եմ, իմ մեզը թավշյա է:
Արդեն չկան աստիճաններ, ոչ էլ հենարան,
ոչ հատակ, ոչ սանդղահարթակ:
Արդեն ոչինչ չկա: Արդեն ոչինչ:
Քնում եմ ու զարթնում եմ:
Զրթնում եմ ու քնում եմ:
Ու այն կես քայլին, կամ քայլիկին կամ փոքր քայլին,
որ կա արթմնության ու քնի միջև,
Բացում եմ աչքերս` հարցնելով քիմքիս.
Կարո՞ղ ես ասել ինձ, խնդրում եմ, ո՞ր սխալ շրջադարձին
թողեցի իմ իղձերը,
ու տեսե՞լ ես արդյոք երկնքում կամ դժոխքում
կորած ձեռքեր՝
իրենց մատներով:
Ուզում եմ ծխել:
Ուզում եմ ծխել կյանքս,
ինչպես անտաշ մեկը խժռում է ծուխը   
Ու կճատ ձեռքով կարծես բավական բարդ գործ է:
Ծխելուց առաջ
լավ կլիներ փնտրեիր բերանդ,
որ իմ թաքստոցն է, իմ ապաստանը,
իմ խուցը, իմ ծածկը, իմ պարսպապատը,
իմ անձավը, իմ տանիքը:
Լավ կլիներ փնտրեիր բերանդ,
իսկ այն թողել ես վերջին համբույրի մեջ,
որ այդպես էլ չտվեցիր, քանզի քո մյուս բերանը,
որ հավատում էիր, թե քոնն է,
հեռու էր, քանի որ վախենում էր:
Վախենում էր ցավից, որ հրկիզում է ամեն բան:
Վախ, որ պոզերի վրա է բարձրացնում քեզ պես հիմարներին,
ովքեր շարունակում են հավատալ հեքիաթներին:
Ու հիմա քեզ ես եմ հարցնում, ապո՛ւշ,
ի՞նչ է քիմքը առանց ծածկի,
առանց սեփական երկնքի,
առանց արձագանքի:
Ինչպե՞ս ես ուզում, որ ճանաչեմ քո համերը,
եթե քնում եմ բաց երկինքների տակ:
Եթե չեմ քնում:
Առանց քիմքիս պատասխանելու
դարձա կայծ,
նավթանյութի խոցվածք,
հակահրդեհային գոտի` քարածուխից,
սպանդանոցի սերմ
կայծկլտոց
Լռությունը խախտելով
դեպի ներս ուղղված
բյուրեղյա թարթիչներով՝
Արյուն լացեցի՝ խոստովանելով հիմարությունս,
անդառնալի ապուշությունս
Լռությունը խախտելով
միայն ոռնոցներով այն անցքի,
ուր նախկինում բերանս էր
ու էլ չկա,
որբի պես լալիս եմ իմ զարմանքը:
Բերանս դարձավ հանգույց, անապատ,
Լռում եմ մարմնովս,
ջրանցքի  մեջ՝ բաց երկինք,
պտտահողմ,
սաղմ` մեռած ու ողջ ու նորից մեռած:
Բացեցի աչքերս՝ այրվելով իմ քրտինքի մեջ:
Ոտքերիս տակ` ոչինչ, ինձ պահող` ոչինչ,
լողում էի որովայնում առանց որովայնի, առանց փորի:
Իմ երկու կճատ ձեռքերը՝ սեղանի վրա,
որի սկիզբն ու վերջը չէր երևում:
Մի շատ տարօրինակ պարոն`
միայն մի թևով ու հին ու փշրված ջութակով,
որ ցցված էր ոտքերի արանքից,
միայնակ պարում էր տանգո,
տրորում էր միաժամանակ իր անամոթությունն ու իմ լացը:
Նայում էր ինձ զարմանալիորեն զարմացած:
-Ո՞ր գրողին են կորել  ձեռքերս,
ամորձիներից ծնվող ջութակով
ու մի  կռնատ  պարո՛ն:
Արդեն կորցրել եմ քիմքս:
Արդեն շատ թանկ եմ վճարել:
Ինձ ես ծախել ձեռքերդ,
որ օգնեմ քեզ գտնել քո սրտակից ընկերոջը,
որ երկար փնտրում էիր:
-Ապուշություններ մի ասեք, ուզում եմ, որ ինձ տաք իմ ձեռքերը:
–  Ինչպե՞ս պիտի վերցնես ձեռքերդ, եթե արդեն կտրել եմ դրանք։
Պայմանը կապելուց հետո՝
արթնանալուցդ մի ակնթարթ առաջ,
դրանցով մուսակա սարքեցի,
որ արդեն ստամոքսումս է հանգրվանել:
Մնացորդներից սարքել եմ այս թուրմը,
որ հենց հիմա մի շնչով կխմեմ:
Ի՞նչ հոգի էի փնտրում:
-Ասում էիր ինչ-որ կնոջ մասին` որ ունի սատանայի ձայն,
ու վախը` որպես հմայիլ, նա, որ գողացել էր
քո կորուստներն ու հընթացս ցանել էր դրանք:
Խնդրում եմ, թույլ տվեքմի կում անեմ
այդ թուրմից, որ իմ ձեռքերից եք սարքել,
որպեսզի գոնե վերականգնեմ շոշափելիքս:
Մի կում արեցի
Ձեռքերիս մատնահետքերը
Սահեցին, հասան մինչև կեղև կապելը ոտքիս մատներին,
որոնք այդ մի կումից դարձան ոտնաձեռքեր
Արդեն տվել եմ ձեռքերս, հիմա կատարեք պայմանի Ձեր մասը :
Արդեն կատարել եմ: Վերադարձրել եմ քեզ քո քիմքը:
Այսօր ես այն հարյուր հոգիներն եմ, որ ապրում են իմ ներսում:
Քիմքս նորից տեր ունի:
Իրար վերգտնելուց հետո ավելի շատ ենք մտերմացել:
Այլևս երբեք չենք բաժանվիկամ էլ կբաժանվենք:
Ծիծաղում է  ինձ վրա, որովհետև ավելի քան երբևէ
հավատում եմ երազներին, հավատում եմ հեքիաթներին:
Քայլում եմ` կարդալով քամու բառերը,
երբ ոտնաձեռքերս տրորում են գետինը :
Սանդուղքի վրա, որ տանում է երկինք, կա մի շրջադարձ դեպի դժոխք,
հետո ևս մեկը, ու էլի մեկը:
Սանդուղքին, որ իջնում է դեպի դժոխք, կա մի շրջադարձ դեպի երկինք,
հետո ևս մեկը, ու էլի մեկը:
Արանքներում կա մի հարթակ՝ սալարկված հարյուր հոգիներով.
Հարյուր:


Թարգմանությունը բնագրից՝ Նարինե Բարսեղյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment