Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, March 8, 2018

Հեդոնիստական հարմարվողականություն. արդյո՞ք ամեն ինչին ենք հարմարվում


Ո՞րն է կարևոր՝ արտաքին տեսքը, հարստությունը, թե՞ տպավորությունը: Տորոնտոյից անկախ գիտնական Ժանետտ Բիկնելլը՝ այն բաների մասին, որոնց վրա չի ազդում «հեդոնիստական ​​ադապտացիան»՝ հարմարվելը նրան, ինչ ունենք և դադարելը դրանից հաճույք ստանալուց։


Երբ Ֆյոդոր Դոստոևսկին «Գրառումներ մեռյալ տնից» վիպակում գրում էր. «մարդը այն արարածն է, ով ընտելանում է ամեն ինչին», նա ասում էր սիբիրյան ճամբարում իր ապրած դաժանությունների և զրկանքների մասին: Սակայն իրավիճակին հարմարվելու կամ սովորելու մարդկային հակումն ավելի խորն է, քան Դոստոևսկին, հնարավոր է, կարող էր պատկերացնել:
Պատկերացրեք մի մարդու, ով երկար տարիներ հայտնի փափուկ, ջրալի գարեջրի օգտագործումից հետո վերջապես փորձել է իսկական ավանդական լավ գարեջուր: Սկզբում նա նկատում է համի հագեցվածությունը։ Մի քանի կումից հետո սկսում է հասկանալ այս խմիչքի բազմաշերտությունը և զգալ դառնության ու քաղցրության միջև նուրբ հավասարակշռությունը: Ավանդական գարեջուրը շատ ավելի համեղ է ու բուրավետ, քան այն, որը նա սովորաբար խմում է, և զգացողությունները ավելի հաճելի են: Բայց ստուգեք նրա զգացողությունները մի քանի ամիս նման խմիչքի կանոնավոր օգտագործումից հետո. շատ բաներ կփոխվեն: Համը այնքան առանձնահատուկ չի թվա, ինչպես առաջին շրջանում: Այդ ժամանակ նրան պետք կլինեն ավելի հետաքրքիր համային զգացողություններ, որպեսզի ստանա նույն հաճույքը, որը զգացել է ամենասկզբում։
Մենք հարմարվում ենք. հաճույքը, որը կրկնվում է շատ հաճախ, դառնում է սովորական, և մենք սկսում ենք ավելի ուժեղ խթանների կարիք զգալ, որպեսզի ստանանք նույնը։ Երբ սովորում ենք շատ ունենալուն, մեզ ամեն ինչ ավելի շատ է պետք, որպեսզի հաճույք պատճառի (մյուս կողմից, երբ սովորում ենք ավելի քիչ ունենալուն, հաճույքի համար մեզ պետք է ավելի քիչ բան): Այս երևույթը հայտնի է որպես «հեդոնիստական ​​վազքուղի» կամ «հեդոնիստական ​​հարմարվողականություն»: Այն նման է ֆիզիկական ճնշմանը հարմարվելու քաջ հայտնի հակվածությանը: Օրինակ, երբ գնում եք մարզադահլիճ՝ մկանները զարգացնելու, ձեզ սկզբում բավարար կլինեն համեմատաբար թեթև ծանրաքարերը։ Բայց երբ մարմինը հարմարվում է այս վարժության մակարդակին, հարկավոր են լինում ավելի ու ավելի մեծ կշիռ ունեցող ծանրաքարեր ավելի ուժեղ դառնալու համար:
Հեդոնիստական վազքուղու գաղափարը կարող է կիրառվել հաճույքի ցանկացած տեսակի համար. դա կարող է վերաբերել ինչպես գարեջրին, այնպես էլ ապրելակերպին` ընդհանապես։ Կան ապացույցներ, որ եթե անհատի հիմնական կարիքները բավարարվում են, եկամուտների ավելացումը որոշակի կետից հետո չի հանգեցնում ավելի մեծ երջանկության: Այն չափով, որ չափով աճում է գումարի քանակը, որ մենք կարող ենք ծախսել, աճում են նաև մեր սպասումները և ցանկությունները, իսկ նրանց հետ աճում է հիասթափության հավանականությունը։
Արդեն դասական դարձած 1978 թվականի ուսումնասիրությամբ համեմատվել է վիճակախաղի հաղթողների երջանկության մակարդակը նույն շրջանում ապրող սովորական մարդկանցից բաղկացած վերահսկողական  խմբի անդամների երջանկության մակարդակի հետ։ Հետազոտողները նախնական հուզմունքն անցնելուց հետո հարցում են անցկացրել վիճակախաղի հաղթողների մեջ: Երբ նրանց խնդրել են գնահատել երջանկության այդ պահի մակարդակը, վիճակախաղի հաղթողները պատասխանել են մոտավորապես այնպես, ինչպես և վերահսկողական խմբի մարդիկ։ Այս երկու խմբերը կատարել են նմանատիպ կանխատեսումներ նաև երջանկության ապագա մակարդակի մասին։ Իսկ երբ նրանց հարցրել են մի շարք սովորական, ամենօրյա հաճույքների մասին, ինչպիսիք են՝ ընկերների հետ շփումը կամ նախաճաշին համեղ  բան ուտելու հնարավորությունը, պարզվել է, որ վիճակախաղի հաղթողներին դա ավելի քիչ հաճույք է պատճառում, քան վերահսկողական խմբի անդամներին։
Հնարավոր է, որ վիճակախաղի այդ հաջողակ հաղթողները ավելի երջանիկ չէին, քանի որ ծախսում էին իրենց շահումները սխալ բաների վրա։ 2011 թվականին իրականացված էմպիրիկ հետազոտությունների վերլուծությունը ցույց է տվել, որ տպավորությունների վրա (օրինակ՝ արձակուրդի, պարի դասերի կամ ընկերների հետ երեկոյի) ծախսված գումարները մարդկանց ավելի են երջանկացնում, քան նյութական բարիքների վրա ծախսվածը։ Պատճառներից մեկն այն է, որ մենք արագ հարմարվում ենք նոր պայուսակին կամ մի զույգ կոշիկին, իսկ լավ տպավորությունները հիմք են դառնում հաճելի հիշողությունների, որոնք մենք կարող ենք կրկին ու կրկին վերարտադրել՝ ավելի դանդաղ հարմարվելով դրանց:
Հաճույքի մեկ այլ ձև, որ, ինչպես պարզվում է, կայուն է հեդոնիստական ​​հարմարվողականության դեմ, պլաստիկ վիրահատությունից հետո բավարարվածության զգացումն է։ Մինչ բանաստեղծները պնդում են, թե «գեղեցկությունը մարում է, գեղեցկությունը անցնում է», հաճույքը, որը մարդիկ ստանում են իրենց արտաքին տեսքը բարելավելուց, այնքան էլ հեշտ չի անցնում։
1960-1982 թվանաններին անցկացված հետազոտական հարցումները թույլ տվեցին հայտնաբերելու, որ այցելուների ճնշող մեծամասնությունը գոհ է իր վիրահատության արդյունքներից, և որ այդ զգացողությունը երկար ժամանակ մնացել է անփոփոխ՝ ի տարբերություն նրա, թե որքան արագ են մարդիկ դադարում հաճույք ստանալ նյութական ձեռքբերումներից։ Մեկ այլ ուսումնասիրության արդյունքները, որի շրջանակներում հարցվել են 130 նորվեգացի կանայք վիրահատումից առաջ և հինգ տարի անց, եղել են նմանատիպ։ Կանայք վիրահատությունից հետո, որպես կանոն, ավելի գոհ էին ինչպես մարմնի այն հատվածից, որը վիրահատվել էր, այնպես էլ իրենց ընդհանուր արտաքին տեսքից։ Հետազոտողները նաև նկատել են հարցվածների շրջանում ինքնագնահատականի մի փոքր աճ:
Աշխարհում այս տեսակի խոշորագույն ուսումնասիրությունը կատարվել է 2013 թվականին։ Մասնակցել են 544 այցելու, ովքեր առաջին անգամ որոշել են պլաստիկ վիրահատություն անել: Նրանց հարցուփորձ են արել վիրահատությունից երեք, վեց և տասներկու ամիս անց, իսկ արդյունքները համեմատել են 264 անձանց պատասխանների հետ, ովքեր մտածել են կոսմետիկ վիրաբուժության տարբերակի մասին, բայց, ի վերջո, հրաժարվել են դրանից: Երբ հետազոտողները համեմատել են պլաստիկ վիրաբուժության ենթարկված և դրանից հրաժարված այցելուների պատասխանները, նկատել են, որ վիրահատվածների շրջանում ավելի հազվադեպ է հանդիպում իրենց առողջության նկատմամբ անհանգստության զգացում, ունեն բարձր ինքնագնահատական, բարեկեցության զգացում և կյանքից բավարարվածության ավելի բարձր ցուցանիշ։ Այս այցելուները նաև համարում էին, որ իրենց մարմինը ավելի գրավիչ է:
Իհարկե, սա չի նշանակում, թե պլաստիկ վիրահատությունը համադարման է: Ե՛վ նորվեգական ուսումնասիրությունը, և՛ ավելի ուշ ամերիկյանը ցույց տվեցին, որ հոգեբանական խնդիրներ և վիրաբուժական միջամտությունից անիրական ակնկալիքներ ունեցող հիվանդները հաճախ դժգոհ են արդյունքներից: Եվ այնուամենայնիվ։
Ինչո՞ւ են մարդիկ հարմարվում մեծ եկամուտներին, բայց չեն հարմարվում իրենց տեսքի բարելավմանը։ Գուցե սա նշանակում է, որ մեր ինքնազգացումը ավելի սերտորեն կապված է մեր արտաքին տեսքի, քան մեր բանկային հաշվի չափի հետ:
Ինչպես տեսնում եք, սեփական արտաքինից և շրջապատի՝ դրա նկատմամբ ունեցած վերաբերմունքից ստացած հաճելի զգացողությունը մեզ համար ունի խորը անձնական նշանակություն, որի հետ չի կարող համեմատվել ֆինանսական ոսկու հանքը:


Աղբյուրը

Թարգմանությունը՝ Գագիկ Դավթյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment